— Կառավարությունը վերջին շրջանում հավանական ներդրումների մասին խոսելիս հատկապես շեշտում է Ամուլսարի ծրագիրը: Հաշվի առնելով ներդրումների կարեւորությունը, ե՞րբ կսկսվեն շինարարական աշխատանքները:
— Նախնական շինարարական աշխատանքները արդեն սկսվել են, նախատեսում ենք լայնածավալ փուլը ծավալել հուլիս ամսից: Առաջիկա երկու տարիներին ծրագրի կապիտալ ծախսերը կկազմեն 370 մլն դոլար: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ստեղծել 800 աշխատատեղ հանքի շինարարության համար: Այսինքն, արդեն այս տարեվերջին այդ տարածաշրջանում կունենանք զգալի տնտեսական ազդեցություն:
— Անմիջական տարածաշրջանից դուրս, երկրի մասշտաբով ի՞նչ տնտեսական ազդեցություն եք ակնկալում:
— Ազդեցությունը զգալի կլինի ամենատարբեր առումներով:
Առաջնային խնդիրն այսօր Հայաստանում, իհարկե, աշխատատեղերն են: Բացի այդ, տնտեսության մեջ զգալի ֆինանսական ներհոսք կլինի: Խոսքը առաջիկա երկու տարվա հանքի շինարարության մասին է:
Արդեն ոսկու արդյունահանման ընթացքում սրան կգումարվի նաեւ տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկային մուտքերը: Բացի այդ, հանքարդյունաբերության ոլորտում ամեն ուղղակի աշխատատեղ ստեղծում է մի քանի անուղղակի աշխատատեղ:
Բայց ես շեշտը ուզում եմ դնել մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա: Ամուլսարը օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը որպես նոր ներդրումային երկիր բացահայտելու հնարավորություն է: Ամուլսարը միջազգային շուկայում շատ տեսանելի ծրագիր է: Շատ միջազգային ներդրողներ ամենատարբեր ոլորտներում հետեւում են Ամուլսարի ծրագրի արդյունավետ իրականացմանը, եւ դա կարող է տեսանելի ազդակ լինել, որ Հայաստանը բաց է ներդրումների համար: Հատկապես վերջին շրջանում բոլորս զգացինք, թե որքան հրատապ է երկիր նոր ներդրումներ եւ ֆինանսական հոսքեր ներգրավելու խնդիրը:
Կարդալ ավելին` http://www.mediamax.am/am/news/interviews/18156/
