Ամուլսարը լինելու է ամբողջովին թվայնացված ոսկու հանքավայրը Հայաստանում։ Բացահանքերից և կույտային տարրալվացման հարթակից մինչև կառավարման կենտրոն ու գրասենյակներ՝ յուրաքանչյուր հանգույց նախագծված է այնպես, որ հնարավոր լինի այն իրական ժամանակում զգալ, չափել և կառավարել։ Սա այն մոտեցումն է, որով Լիդիան Արմենիան իրականացնում է իր թիմի, շրջակա համայնքների և Հայաստանի Հանրապետության առջև ստանձնած պարտավորությունները՝ գործել անվտանգ, պատասխանատու և թափանցիկ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Գործունեության կենտրոնում կառավարման ժամանակակից համակարգն է, որն ընդգրկում է ջարդիչ կայանը, փոխակրիչը, կույտային տարրալվացման հարթակը և ոսկու կորզման գործարանը։ Իրականացվում է գործընթացի շարունակական մոնիթորինգ, ավտոմատ կառավարման համակարգերն ապահովում են սահմանված խիստ չափանիշների պահպանումը, իսկ արտահոսքերի հայտնաբերման մեխանիզմները ներդրված են բաքերում, խողովակաշարերում և կույտային տարալվացման հարթակի շերտերում։
Այս ամենը զուգորդվում է շարունակական բնապահպանական մոնիթորինգի համակարգով՝ ներառելով մակերևութային և ստորերկրյա ջրերի, փոշու, օդի որակի, օդերևութաբանական պայմանների և դատարկ ապարների լցակույտի մոնիթորինգը։ Տվյալները հավաքագրվում և ներկայացվում են Հայաստան Հանրապետության օրենսդրական պահանջներին և Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին համապատասխան։
Ժամանակակից հանքային տեխնիկան՝ ներառյալ Caterpillar 789D բեռնատար ինքնաթափերը և Cat 6040 էքսկավատորը, հագեցած է բարձր ճշգրտության GPS համակարգերով, բեռնվածքի, անվադողերի և տեխնիկական վիճակի հեռահաղորդակցական մոնիթորինգով։ Տեխնիկան կառավարվում և սպասարկվում է կենտրոնացված ավտոպարկի կառավարման համակարգի միջոցով։ Օպերատորները նախ վերապատրաստվում են Immersive Technologies-ի սիմուլյատորների վրա, որն առաջին անգամ է Հայաստանում, և միայն դրանից հետո հնարավորություն են ստանում աշխատել իրական տեխնիկայի վրա՝ փորձարկելով թե՛ սովորական գործառույթներ, թե՛ բարդ եղանակային պայմաններ և արտակարգ իրավիճակներ, որոնք հնարավոր չէ անվտանգ վերարտադրել տեղում։
Այս աշխատանքների մեծ մասն արդեն իսկ իրականացվում է հայ մասնագետների կողմից, և ուսանողների համար նախատեսված ծրագրերի, շրջանավարտների զարգացման նախաձեռնությունների ու հայկական բուհերի հետ համագործակցության միջոցով մենք նպատակ ունենք պահպանել և զարգացնել այս ուղղությունը։
Այս ամենը միավորում է հատուկ նախագծված թվային ենթակառուցվածքը՝ մոտակա բնակավայրերից ապահովված օպտիկամանրաթելային կապով, կայուն տեղային ցանցով և բիզնես ՏՏ համակարգերի ու արտադրական տեխնոլոգիաների (OT) հստակ տարանջատված ճարտարապետությամբ։ Կիբերանվտանգությունը դիտարկվում է որպես գործառնական կարևոր ուղղություն՝ համապատասխանեցված միջազգային ճանաչված չափանիշներին, ներառյալ տեղեկատվական անվտանգության ISO/IEC 27001 ստանդարտների ընտանիքը և արդյունաբերական կառավարման համակարգերի IEC 62443 ստանդարտը։ Այն նաև ամրապնդվում է Լիդիանի բաժնետեր՝ United-ի ինժեներական և կառավարման չափանիշներով։
Մեր համակարգերի պաշտպանությունը նշանակում է պաշտպանել մեր թիմին, շրջակա միջավայրը և այն տվյալները, որոնք մեզ են վստահում Հայաստանի քաղաքացիներն ու մեր գործընկերները։