Ամուլսարի ոսկու հանքավայր

Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին մետաղական հանքավայրն է։ Այն հայտնաբերվել է գրեթե 10 տարի տևած լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում։

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988մ բացարձակ բարձրությունների վրա:  

Լիդիան Արմենիայի կողմից Ամուլսար լեռան մերձակայքում իրականացված լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հետախուզվել, հաշվարկվել և արդյունաբերական նշանակություն են ստացել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի պաշարները:  

Հանքավայրն իր կառուցվածքային տեսակետից գտնվում է Զանգեզուրի հանքային գոտու հյուսիս-արևելյան եզրին և բնութագրվում է երկու խոշոր շերտախմբերով` հանքաբեր և ոչ հանքային:  

Հանքաբեր` վերին հրաբխանստվածքային շերտախումբը բաղկացած է անդեզիտային խմբի հրաբխաբեկորներց, փշրաբեկորներից և տուֆերից (անդեզիտային «թիկնոց»), որը միջօրեականի ուղղությամբ ձգվում է շուրջ 5000մ, իսկ հզորությունը հասնում է մինչև 350-400մ:

Ոչ հանքային` ստորին հրաբխաբեկորային շերտախումբը բաղկացած է արգիլացման ենթարկված անդեզիտային կազմի ապարներից, որոնք համասեռ են և չջարդոտված: Շերտախմբի հզորությունը տատանվում է 100-300 մ-ի սահմաններում (հասակը` միջին էոցեն):

Ամուլսարի տեկտոնական բլոկը բոլոր կողմերից սահմանազատված է խոշոր խախտումներով, որոնցից ուշադրության է արժանի հյուսիսային սահմանագծով անցնող Կեչուտ-Զիրակի լայնական խզումը, որը ձգվում է Կեչուտ գյուղից Զիրակ հրաբխի վրայով դեպի Որոտան գետի ակունքները և բնութագրվում է մանր ինտրուզիաների և հիդրոթերմալ փոփոխված ապարների ելքով, իսկ նրա կախված թևում տեղայնացված է հանքայնացումը:

Ամուլսարի հանքավայրն ունի ջրաերկրաբանական առանձնացված (ավտոնոմ) պայմաններ և դրանք բարենպաստ են հանքավայրի շահագործման, լեռնահանքային և լեռնահորատման աշխատանքների իրականացման համար:

Հանքավայրի ջրաերկրաբանական բնութագիրն առանձնանում է իր ինքնուրույն ռեժիմով և ոչ մի կերպ կապված չէ հարակից շրջանների հանքային և քաղցրահամ ջրերի հանքավայրերի, աղբյուրների հետ, հատկապես և առավել ևս` Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրի հետ, որը սնվում է այլ տեկտոնական բլոկից, Ամուլսարի հանքավայրից սահմանազատվում է վերոնշյալ` Կեչուտ-Զիրակի խոշոր խորքային խզումով, տեղադրված է 1000մ հիպսոմետրիկ ցածր տեղանքում և սնվում է խորը հորիզոններից:

Ամուլսարի հանքային գոտում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում առանձնացվել են Տիգրանես-Արտավազդես միացյալ, Էրատո, Արշակ և Օրոնտես տեղամասերը` իրենց ուրույն ներքին կառուցվածքներով:

Ներկայում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել են Տիգրանես-Արտավազդես, Էրատո տեղամասերի պաշարները, որոնց շահագործման իրավունքը պատկանում է Լիդիան Արմենիային:

Լիդիան Արմենիային տրամադրված է հանքավայրի ողջ հաստատված պաշարները` 

Հանքաքար

89376.3 հազ.տ

Ոսկի

73733 կգ

0.78 գ/տ

Արծաթ

294.367 կգ

9.29 գ/տ

Հանքավայրը նախատեսվում է շահագործել երկու` Տիգրանես-Արտավազդես միացյալ և Էրատո առանձին բացահանքներով՝ տարեկան 10 մլն տ հանքաքարի արտադրողականությամբ:  

Արտադրական պրոցես

Կույտային տարրալվացում

Ամուլսարում, առաջին անգամ Հայաստանում, ոսկու կորզումն իրականացվելու է կույտային տարրալվացման մեթոդով։ Մեթոդն առաջին անգամ կիրառվել է 1960-ական թվականներին ԱՄՆ Նևադա նահանգում։ Կույտային տարրալվացմամբ ոսկու կորզումն իրականացվում է փակ շրջանառու համակարգում և այն չունի պոչամբար։