Գեոթիմի աջակցությամբ 4 համայնք ներկայացնող երեխաներ այս տարի ևս մեկնեցին Վիքի ճամբար

Արդեն 2-րդ տարին է` Գեոթիմ ընկերությունը իր սոցիալական ծրագրերի շրջանակներում հնարավորություն է ընձեռում հարակից համայնքների դպրոցականներին մասնակցելու Վիքի ճամբարին: Այս տարի Սարավան, Գորայք, Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ համայնքներից արդեն 11 երեխա 10 օր անցկացրել են Աղվերանի Ոսկե գետակ ճամբարում: Եվս 9 երեխաներ կմեկնեն արդեն օգոստոսին:

Վիքի ճամբարը ուսումնական ճամբար է, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան Հայաստանի երիտասարների օգնությամբ: Ճամբարը նաև նպաստում է դպրոցականներին ավելացնելու իրենց գիտելիքները, զարգացնելու գրելու և խմբագրելու հմտություններ, ձեռքբերելու նոր ընկերներ:

Մասնակիցները ճամբարից վերադարձել են մեծ տպավորություններով և բարձր տրամադրությամբ: Նրանցից ոմանք իրենց հետ բերել են նաև պատվոգրեր և մեդալներ:

Սարավան համայնքից աշակերտուհի Հռիփսիմե Մանուչարյանը պատմում է, որ ճամբարում իրենք ունեցել են հագեցած գրաֆիկ` խմբագրական աշխատանքներ հայերեն Վիքիպեդիայի համար, խաղեր, առողջ ապրելակերպի և էկո դասեր, մրցույթներ: Իրենց ջոկատը նույնիսկ խմբագրման մրցույթում գրավել է առաջին տեղը և արժանացել մեդալների: Հռիփսիմեն հույս ունի, որ ծրագիրը կլինի շարունակական: