Լիդիան Արմենիան տեղեկացնում է, որ դատական հայց է ներկայացրել ընդդեմ իրավաբան Նազելի Վարդանյանի՝ պահանջելով հերքել ս․թ․ հունվարի 20-ին panorama.am լրատվական կայքում և youtube-յան ալիքում հրապարակված հարցազրույցի ընթացքում զրպարտություն համարվող հայտարարությունները։
Նազելի Վարդանյանի կողմից հարցազրույցի ընթացքում հնչեցրած պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Դրանք միտված են արատավորելու Լիդիան Արմենիայի գործարար համբավը, վարկաբեկելու Ամուլսարի ծրագիրը և ոտնահարում են ՀՀ քաղաքացիների շահերը՝ հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի տնտեսական կարևորությունը մեր երկրի և Ամուլսարի շրջակա համայնքների հետագա զարգացման համար։
Ուստի սույն դատական հայցի նախաձեռնությունը ինքնանպատակ չէ։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք պարտավոր ենք պաշտպանել Ամուլսարի ծրագրի հազարավոր շահագրգիռ կողմերի իրավունքները և համոզված ենք, որ ազատ խոսքի իրավունքը չի ենթադրում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածում, հանրության մոլորեցում և այլոց իրավունքների ոտնահարում։
Հավելենք նաև, որ դեռևս 2020թ․-ին դատարանը բավարարել էր Նազելի Վարդանյանի դեմ զրպարտության հերքման պահանջով Լիդիան Արմենիայի կողմից ներկայացված ևս մեկ հայց՝ եզրահանգելով, որ Լիդիան Արմենիայի հասցեին Նազելի Վարդանյանի հնչեցրած հայտարարությունը չի ունեցել փաստական հիմք, կրել է ոչ հավաստի, զրպարտող բնույթ, ինչն էական վնաս է հասցրել Լիդիան Արմենիայի գործարար համբավին:
Այսուհետ ևս ընկերությունը շարունակելու է հետևողական լինել իր և Ամուլսարի ծրագրի հազարավոր շահագրգիռ կողմերի իրավունքների պաշտպանության հարցում։
