Համագործակցություն հանուն համայնքների առողջության․ Սարավան, Գնդեվազ, Գորայք

Գեոթիմ ՓԲԸ-ն ընդլայնում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ այս անգամ իրագործելու առողջության առաջնային պահպանման ծրագիր Սարավան, Գնդևվազ և Գորայք համայնքներում: “Ապավեն համայնքներին” (STC)  բարեգործական հասարակական կազմակերպությունը, վերոհիշյալ համայնքները և Գեոթիմը համատեղ ջանքերով կբարելավեն առողջապահական ծառայությունները գյուղերում ավելի քան 170 սոցիալապես խոցելի ընտանիքների (կամ 700 մարդկանց) համար, ներառյալ կանայք, երեխաներ, ծերեր:  

Ծրագիրը հենվելու է Օքսֆամ կազմակերպության կողմից ներդրված և “Ապավեն համայնքներին” կազմակերպության կողմից Հայաստանի ավելի քան 140 գյուղական համայնքներում իրականացվող “Համայնքահեն առողջության առաջնային պահպանման” կայուն մոդելի վրա, որտեղ ընտանիքները ներդնում են տարեկան բավականին համեստ գումար, որի դիմաց օգտվում են  անվճար դեղորայքային սպասարկումից, համայնքի համար կազմակերպվող տարբեր բժիշկների այց ստուգումներից, բժշկական խորհրդատվությունից:  Ծրագիրը կօգնի մոտ 70-80 շահառուների ախտորոշման և բուժման գործում, ինչպես նաև կկազմակերպի իրազեկության քարոզարշավներ առողջ ապրելակերպի, շրջակա միջավայրի և առողջությանն առնչվող այլ հարցերի շուրջ:  Հատուկ կոնսուլտացիաներ կկազմակերպվեն կանանց համար, որոնք երբեմն ստիպված են հասնել Երևան՝ պատշաճ բուժսպասարկման կամ դեղորայքի համար:

Վերջերս Օքսֆամի կողմից իրականացված առողջության կարիքների գնահատումը ցույց տվեց, որ գյուղերում կա դեղորայքի խիստ պակաս, սահմանափակ պետական ֆինանսավորում և բնակչության մեջ իրազեկության ցածր մակարդակ՝ իրենց առողջության պահպանման իրավունքների և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Գեոթիմ ընկերությունը պարտավորվել է երկարաժամկետ դրական ազդեցություն թողնել տարածաշրջանի վրա եւ բնակչության առաջնային առողջության բարելավումը այդ զարգացման կարևորագույն մասն է:  Ինչպես նշեց Սարավանցի մի կին, “մենք վաղուց էինք սպասում այս ծրագրին, այն մեզ օդի պես պետք է, թե չէ ամենափոքր առողջական խնդիրը վերածվում է լուրջ հարցի”:  Գորայքեցի կանայք էլ չթաքցրեցին իրենց ոգևորությունը. “մեր գյուղը բավականին կտրված է, և այս նախաձեռնությունը ուղղակի անհրաժեշտ է մեզ, հատկապես կանանց ու երեխաներին”:

Մեկ այլ սոցիալական ծրագրի սահմաններում, ներկայումս Գեոթիմի աջակցությամբ բոլոր երեք համայքներում 140 երեխաներ ընդգրկված են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ իրականացվող “Սպորտի և խաղաղության դպրոցներ” ծրագրում. երեխաները ոչ միայն մարզվում են, այլև սովորում աշխատել թիմերով, միասին լուծումներ գտնել բարդ իրավիճակներում, սովորում առողջ ապրելակերպի մասին:  Իսկ ամռանը  70 երեխա կվայելեն Հանքավանի գեղատեսիլ սպորտային ճամբարի հանգիստը:   Ներկայումս մշակվում են նոր ծրագրեր՝ գյուղատնտեսության, անասնապահության և ենթակառույցների բնագավառներում: