Բնապահպանական կրթությամբ Ռոբերտ Քարուն երբեք չէր մտածում, որ մի օր կսկսի աշխատել հանքարդյունաբերական ընկերությունում, իսկ տարիներ անց կհայտնվի մի երկրում, որի մասին անգամ չէր լսել: Բնապահպան գիտնականին եւ նրա կնոջը Հայաստան է բերել ու արդեն երկու տարի այստեղ է պահում աշխատանքը Լիդիան Արմենիայի Ամուլսարի նախագծում:
Բնապահպանական առողջապահության ոլորտում կրթություն ստացած 62-ամյա Ռոբերտ Քարուն շատ է կարեւորում առողջ ապրելակերպն ու անգամ Երեւանում բաց չի թողնում ոչ մի սպորտային իրադարձություն: Ժամանակին երկու անգամ Iron Man տրիատլոնի (Երկաթե մարդ եռամարտ) մասնակցած Ռոբերտ Քարուն Հայաստան տեղափոխվելուց հետո մասնակցել է նաեւ Երեւանի կիսամարաթոններին:
Մեդիամաքսը Lydian International ընկերության կայուն զարգացման փոխնախագահ Ռոբերտ Քարուի հետ զրուցել է բնապահպանության եւ հանքարդյունաբերության փոխազդեցությունների, Հայաստանում ապրելու առանձնահատկությունների, առողջ ապրելակերպի, կյանքում եւ աշխատանքում կարեւոր արժեքների մասին:
Բնապահպանական տեխնոլոգիաներում կրթությունն ու հանքարդյունաբերությունը
Ես էնտուզիաստ եմ, ով շատ է սիրում բնությունը, հետեւաբար, շրջակա միջավայրի պաշտպանությունը լավագույն ոլորտն էր, որում իմ կիրքն ու հետաքրքրությունները կարող էի ներդնել հետազոտությունների եւ, ի վերջո, աշխատանքի մեջ:
Սկզբում ես չէի ակնկալում, որ կաշխատեմ հանքարդյունաբերական ընկերությունում: Սովորաբար բնապահպանները դեմ են հանքարդյունաբերական ընկերություններին, քանի որ, ենթադրվում է, որ դրանք բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա: Այդուհանդերձ, 1979թ.-ին ես սկսեցի աշխատել հանքարդյունաբերական ընկերությունում, որովհետեւ հասկացա, որ կարող էի լինել լուծման եւ փոփոխության մասնակիցը, որն ավելի լավը կդարձներ հանքարդյունաբերությունը: Այն ժամանակ շրջակա միջավայրի աղտոտումը և հարակից ուսումնասիրությունները դեռ նոր էին եւ ես կարողացա որոշակի փորձառություն բերել այս ոլորտ: Տարիների ընթացքում հանքարդյունաբերությունը զգալիորեն փոխվել է: Ինչպես ասացի՝ երբեք չէի մտածում, որ կաշխատեմ հանքարդյունաբերական ընկերությունում, բայց այդ ոլորտ մտնելուց հետո ես հասկացա դրա բոլոր դրական կողմերը, եւ մնացի:
Աշխատանքը պետական եւ մասնավոր հատվածների հետ
Ես նաեւ աշխատել եմ կառավարական կառույցներում: Անշուշտ, նախընտրում եմ աշխատանքը մասնավոր հատվածի հետ: Օրինակ, Լիդիանի գլխավոր գործառնական տնօրենի աշխատասենյակն իմ աշխատասենյակի հարեւանությամբ է, իսկ գործադիր տնօրենինը՝ մի քանի սենյակ այն կողմ: Մենք՝ երեքս, ընկերությունում կարևոր փոփոխություններ կատարելու բավարար լիազորություն ունենք, մինչդեռ կառավարությունում այդ առումով կա բյուրոկրատիա եւ տարբեր մակարդակներում ծագող խնդիրներ: Ավելի շատ բավականություն ես ստանում, երբ ի վիճակի ես փոփոխություններ կատարել, եթե դա պահանջվում է:
Հանքարդյունաբերությունում առկա բնապահպանական բարդ խնդիրները
Աշխարհում հանքարդյունաբերությունը վերջին շրջանում շատ է փոխվել: Ամենաբարդ խնդիրներից մեկն անցյալից մնացած ժառանգության եւ հեղինակության հետ է կապված, քանի որ մարդիկ հիշում են, թե ինչպիսին էր հանքարդյունաբերությունն անցյալում:
Կարդալ ավելին
Ռոբերտ Քարու. Հանքարդյունաբերության «Երկաթե մարդ» բնապահպանը
