Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբն» այսօր Երեւանում ներկայացրել է իր առաջին զեկույցը։
Խմբում ընդգրկված կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ եւ միջազգային յոթ փորձագետներ հետեւել են Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացմանը՝ լավագույն միջազգային չափանիշներով աշխատելու պարտավորության կատարման մասով։
Խումբը ձեւավորվել է 2017 թ. Ամուլսարի ծրագրի սոցիալական եւ բնապահպանական պարտավորությունների կատարման մշտադիտարկման, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի սկզբունքներին համահունչ ընկերության ստանձնած պարտավորությունների իրագործման հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։
Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի նախագահ դոկտոր Ջոն Հարքերը ներկայացնելով զեկույցը ասել է, որ իրենց հաշվետվության մեջ ներկայացրել են 19 առաջարկություն այն ուղղություններով, որտեղ «Լիդիանը» կարող է բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը։
Ջոն Հարքերը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտի թերի գործունեության պատճառով հայ հանրության շրջանում վստահության աստիճանը ցածր է եւ խմբի առանցքային երաշխավորություններից մեկն այն է, որ Ամուլսարի ծրագիրը պետք է աշխատի ակադեմիական հաստատությունների եւ տեղի բնակչության հետ՝ ջրի, փոշու աղտոտվածության եւ կենսաբազմազանության ուղղություններով։
«Մենք դա դիտում ենք որպես քաղաքացիներին լիազորելու եւ, եթե ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է խոստացածի համաձայն, մտահոգություններ ունեցողներին համոզելու, իսկ հակառակ պարագայում՝ ընկերությանը պատասխանատվության կանչելու միջոց»,- ասել է նա:
