Վերջին երկու օրերին Ծաղկաձորում մթնոլորտը հանքարդյունաբերական էր

Արդեն երրորդ տարին անընդմեջ կայացավ Mining Armenia Forum 2026-ը՝ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո համախմբելով Հայաստանի և միջազգային հանքարդյունաբերական ոլորտի առաջատար ներկայացուցիչներին, փորձագետներին, ներդրողներին և պետական կառույցների ներկայացուցիչներին։

Ֆորումին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի միջազգային և տեղական առաջատար մասնագետներ։

Երկու օր շարունակ քննարկումների առանցքում էին հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, նորարարական տեխնոլոգիաները, պատասխանատու հանքարդյունաբերությունը, բնապահպանական կայունությունն ու ոլորտի ներդրումային ներուժը։ Այս տարվա ֆորումն առանձնացավ նաև միջազգային խոսնակների աննախադեպ մասնակցությամբ։

Լիդիան Արմենիայի համար այս տարվա ֆորումն առանձնահատուկ նշանակություն ուներ։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկից ընդամենը օրեր անց ընկերությունն այս անգամ ֆորումին մասնակցեց արդեն որպես շահագործման փուլ անցած հանքարդյունաբերական ընկերություն՝ ներկայանալով ոլորտի տեղական և միջազգային առաջատար մասնագետներից կազմված ընդլայնված խոսնակների թիմով։ Նրանք ներկայացրին Ամուլսարում կուտակված մասնագիտական փորձը, նորարարական մոտեցումներն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ նպաստելով ոլորտի զարգացման շուրջ մասնագիտական երկխոսությանը։

Ֆորումի ռազմավարական գործընկերներն էին ոլորտի առաջատար ընկերություններ Լիդիան Արմենիան և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Որպես ռազմավարական գործընկեր` Լիդիան Արմենիան վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանում ժամանակակից, պատասխանատու և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հանքարդյունաբերության զարգացմանը։

Իսկ Mining Armenia Forum-ը շարունակում է ամրապնդել իր դիրքը՝ որպես Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի շուրջ մասնագիտական երկխոսության, միջազգային համագործակցության և նոր հնարավորությունների բացահայտման կարևոր հարթակ։