Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությամբ ազդարարվեց անկախ Հայաստանի պատմության ընթացքում հայտնաբերված առաջին հանքավայրի շահագործման մեկնարկը։
Հանքավայրի հայտնաբերումից և հետախուզումից մինչև ծրագրի զարգացում, կառուցում և շահագործման մեկնարկ՝ Ամուլսարն անցել է հանքարդյունաբերական ծրագրի զարգացման ամբողջական ճանապարհը։
Ամուլսարի առաջին ոսկին ոչ միայն ծրագրի երկարամյա աշխատանքի արդյունքն է, այլև ոսկի, որ արժեք է ստեղծում Հայաստանի տնտեսության, համայնքների, մարդկանց և երկրի հանքարդյունաբերության հետագա զարգացման համար։ Հանքավայրի շահագործման մեկնարկը խոշոր տնտեսական ազդակ է Հայաստանի համար, որը կապահովի նոր աշխատատեղերի ստեղծում, պետական բյուջեի եկամուտների ավելացում և կվկայի երկրի ներդրումային միջավայրի գրավչության մասին։
Ամուլսարի ծրագիրն իրականացվում է «Լիդիան Արմենիա» ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական համագործակցության շրջանակում։ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Արմենիա» ընկերության 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է։
Ամուլսարի ծրագրում ընդհանուր առմամբ ընկերությունը ներդրել է շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը տրամադրել է «Ամերիաբանկը»՝ ՀՀ կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիքի հիման վրա։
Ամուլսարի ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիան» առաջին անգամ Հայաստանում ներդրել է ժամանակակից ու պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային առաջատար փորձն ու չափանիշները՝ ձևավորելով նոր մշակույթ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։
Ամուլսարի առաջին ոսկին այլևս իրականություն է․ «Լիդիան Արմենիան» ազդարարել է հանքավայրի շահագործման մեկնարկը
