Ամուլսարի ոսկու արդյունահանմանը պատրաստվող “Գեոթիմ” ընկերությունն ազդակիր համայնքներում սոցիալական զարգացման ծրագրեր է իրականացնում՝ դեռեւս արդյունահանումը չսկսված: “Սպորտի եւ խաղաղության դպրոցներ” ծրագիրը “Գեոթիմն” առաջին անգամ սկսեց իրականացնել 2012թ.՝ ազդակիր երեք համայնքներում համագործակցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ծրագիրը 2013-ին ՈՒԵՖԱ-ն ճանաչեց լավագույնը 53 երկրների մեջ՝ արժանացնելով Հետրիկ մրցանակի: Անցած տարի, չորս համայնքներից ծրագրին մասնակցել է 160 երեխա:
Ծրագրի շնորհիվ հայտնաբերվեց Գորայք համայնքից Կիմա Անտոնյանի սերը ֆուտբոլի հանդեպ: “Գեոթիմի” իրականացրած ծրագրին մասնակցելուց հետո Կիմային հրավիրեցին համալրելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մինչեւ 16 տարեկան աղջիկների թիմը: Եկող տարի հավաքականի կազմում Կիման կմասնակցի Հունաստանում եւ Պորտուգալիայում ֆուտբոլային մրցումների:
Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանն ասում է, որ թեեւ Ամուլսարի արդյունահանման ծրագիրը դեռեւս չի սկսվել, “Գեոթիմի” հետ համատեղ բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացրել Գորայքում՝ գյուղատնտեսության զարգացում, ենթակառուցվածքների նորոգում եւ կրթական ու մարզական ծրագրեր: Իսկ Կիմայի հաջողությամբ հպարտանում է ողջ գյուղը:
“Գեոթիմ” ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանի կարծիքով, Կիմայի նման շնորհալի երեխաները համայնքներում շատ են, եւ նրանց հայտնաբերելու համար ներդրումներ ու ջանքեր են հարկավոր: “Գեոթիմն” Ամուլսարի ազդակիր համայնքներում վերջին մի քանի տարիներին մոտավորապես 1.5 միլիոն դոլարի սոցիալական զարգացման ծրագիր է իրականացրել ամենատարբեր ոլորտներում: Սպորտային եւ կրթական ծրագրերը կարեւոր մասն են:
Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ, թեեւ սոցիալական զարգացման ծրագրերը կարեւոր են, զգալի տնտեսական արդյունքը համայնքներում սպասվում է Ամուլսարի ծրագրի մեկնարկից հետո՝ հաջորդ տարի: Հանքի շինարարության փուլում կապահովվի մոտ 1500 աշխատատեղ, եւ 700 աշխատատեղ կապահովվի ծրագրի իրականացման ողջ ընթացքում:
