«Լիդիան Արմենիա» ընկերությունը ուշադիր և հետևողական է Ամուլսարի ոսկու հանքում իրականացվող ցանկացած աշխատանքի նկատմամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը խոսեց Ամուլսարի ոսկու հանքավայրում ջրի որակի, շրջակա համայնքների վրա ազդեցությունների, հանքի շահագործման փակման և մի շարք այլ հարցերի մասին։
Ժամանակակից հանքարդյունաբերություն
Ժամանակակից հանքարդյունաբերության առումով հայկական հանքարդյունաբերության ոլորտում բավականին գործ կա անելու։ Մեր գործընկերներից շատերը պարտավորվել և քայլեր են ձեռնարկում ժամանակակից հանքարդյունաբերության բարձր մակարդակի հասնելու համար։ Ամուլսարի հանքավայրի կոլեկտիվն այն եզակիներից է, որն այս պահին շանս ունի ժամանակակից հանքարդյունաբերության մոդելով նախագծել քայլերը, իրականացնել շինարարական աշխատանքներ և հետո թևակոխել արդյունաբերական փուլ։ Հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքներ սկսելու համար կան նաև չափորոշիչներ, և մենք առաջնորդվում ենք և՛ հայկական, և՛ միջազգային չափորոշիչներով։ Որոշ դեպքերում հայկական օրենսդրությունն ավելի խիստ է, քան միջազգայինը։ Մենք համեմատել ենք միջազգային և հայկական չափորոշիչները ու ամենախիստերին ենք հետևել՝ մեր մոտեցումն է եղել այդպիսին։
