Հայկ Ալոյան. Ապօրինությանը պետք է անհապաղ վերջ տրվի

Մեդիամաքսի հարցազրույցը Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ

— Պարոն Ալոյան, Լիդիանի ներկայացուցիչները միջազգային արբիտրաժային դատարան գնալու մասին հայտարարությունից հետո որեւէ կերպ չեն մեկնաբանել այդ գործընթացը: Արդյո՞ք ակնկալում եք խնդրի լուծում, եւ ի՞նչ փուլում է այսօր գործընթացը:

— Արբիտրաժային գործընթացի մասին մեկնաբանություն չեմ ուզում անել: Նշեմ միայն, որ Հայաստանում ավելի քան 400 միլիոն դոլար ներդրած մեր ընկերությունը արդեն գրեթե մեկ տարի տեւող ապօրինության զոհ է: Ընկերությունը ակնկալում է խնդրի շուտափույթ լուծում: Լուծում չլինելու դեպքում ընկերությունը իրավունք ունի դիմել միջազգային դատարան:

— Մարտին արված հայտարարությունը արբիտրաժի մասին մեկնաբանվեց որպես «սպառնալիք»: Իրականում ի՞նչ նպատակով էր արվել այդ հայտարարությունը, եթե դեռեւս դատարան չեք դիմել:

— Հայտարարությունը իրավական գործընթացի պարտադիր մաս է: Նման մտադրության դեպքում Ընկերությունը պարտավոր է հայտարարություն անել, եւ ըստ Հայաստան-Բրիտանիա միջկառավարական համաձայնագրի, հայտարարություն անելուց առնվազն երեք ամիսը լրանալուց հետո միայն կարող է ներկայացնել հայցը: Այնպես որ, սա «սպառնալիք» չէ, այլ իրավական գործընթաց, ընդ որում, գրեթե մեկ տարի ապօրինի շրջափակումից հետո՝ կարծում եմ, առնվազն սպասելի:

— Այս ընթացքում Հայաստանի դատարանները հօգուտ Լիդիանի որոշումներ կայացրեցին: Մասնավորապես, դատարանը որոշեց ոստիկանությանը պարտավորեցնել վերացնել ընկերության ճանապարհների խոչընդոտները: Արդյոք դա դրական զարգացում չէ՞ր:

— Այդ տարածաշրջանում արդեն մեկ տարի ամենաթողություն է: Մի խումբ մարդիկ, գուցե իրենց հովանավորների երաշխավորությամբ, իրենց իրավունք են վերապահում իրականացնել անպատիժ ապօրինություն: Ի դեպ, խոսքը բառացիորեն մի քանի տասնյակ մարդու մասին է, ու ոչ թե «համայնքի», ինչպես փորձ է արվում ներկայացնել: Ինչ վերաբերվում է դատարանների որոշումներին, ընկերությունը իրականացրել եւ իրականացնում է իր գործունեությունը բացառապես օրենքի շրջանակներում եւ մեր տարածքում տեղի ունեցողը ապօրինություն է:

Դատարանները հաստատել են, որ ընկերությունը միանգամայն ճիշտ է այս վեճերում: Մենք ակնկալում ենք ոստիկանությունից եւ պատկան մարմիններից ապահովել դատարանի որոշման իրագործումը եւ օրենքի վերականգնումը, ինչպես նաեւ հստակ երաշխիքներ, որ օրենքը գործելու է նաեւ ապագայում: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, երկրի խոշորագույն ներդրողի իրավունքները շարունակում են ոտնահարված լինել թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից: Ու դա անխուսափելորեն ազդում է եւ ազդելու է երկրի վարկանիշի ու որպես հետեւանք՝ տնտեսության վրա:

Կարդալ ավելին