Օրերս ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց 15 բնապահպան-ակտիվիստների հայցն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որով պահանջում էին փոխվարչապետից հերքել 2019թ. հոկտեմբերի 22-ին Թբիլիսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նրա կողմից արված հայտարարությունն Ամուլսարի ծրագրի դեմ պայքարի վերաբերյալ, որը նրանք համարել էին զրպարտություն հնչեցված իրենց հասցեին: Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը ասել էր, — «Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: … Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետև նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք»:
Դատարանը, ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, մերժել է բնապահպանների հայցը, այսպիսով, համարելով, որ Ավինյանի ասածի մեջ զրպարտություն չկա։ Սրանով, փաստորեն, դատարանը առնվազն չի հերքում, որ Ամուլսարի դեմ պայքարի հետեւում այլ հանքերի կողմից ֆինանսավորում կա։ Զուգահեռաբար վերջերս դատարանը վճիռ կայացրեց բնապահպան ակտիվիստներից մեկի՝ Նազելի Վարդանյանի դեմ՝ բավարարելով Լիդիան ընկերության հայցը եւ պարտավորեցնելով Նազելի Վարդանյանին հերքել զրպարտությունը՝ Լիդիանին ուղղված կոռուպցիայի մեղադրանքը։ Datalex-ից տեղեկանում ենք, որ վերջին երկու տարիների ընթացքում «Լիդիան Արմենիան» դատական հայցեր է ներկայացրել Ամուլսարի դեմ պայքարող 10-ից ավել ակտիվիստների դեմ, որոնք, ըստ հայցվորի զրպարտություն և ապատեղեկատվություն տարածելով, արատավորել են ընկերության գործարար համբավը: Այդ անձանց շարքում են Լևոն Գալստյանը, Անի Խաչատրյանը, Թեհմինե Ենոքյանը, Նազելի Վարդանյանը և այլոք:
Այս թեմայի շուրջ զրուցել ենք Ֆիդելիթի Քոնսալթինգ իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Մելքումյանի հետ, ով այս գործընթացներում ներկայացնում է «Լիդիան Արմենիայի» շահերը:
— Պարոն Մելքումյան, արդյո՞ք ակտիվիստներին դատի տալով փորձ չի արվում նրանց լռեցնել և հասարակությունից թաքցնել այն բնապահպանական մտահոգությունները, որոնք բարձրաձայնում են վերջիններս:
— Դատական հայցերից ոչ մեկը չի առնչվում բնապահպանական խնդիրների կամ մտահոգությունների հետ: Բոլոր հայցերը վերաբերվում են ընկերության գործարար համբավն ու հեղինակությունը արատավորող զրպարտությանը՝ մասնավորապես կոռուպցիայի մեջ մեղադրանքին: Ի դեպ, այս դատական հայցերը լավ առիթ են այդ անձանց համար գալու և դատարանում ապացուցելու «Լիդիան Արմենիայի» հասցեին հնչեցված մեղադրանքները, հակառակ դեպքում պետք է ընդունենք, որ գործ ունենք հասարակ զրպարտության հետ:
— Իսկ ի՞նչ փուլում են այժմ այդ դատական գործընթացները: Արդյո՞ք ակտիվիստները ներկայացրել են իրենց հայտարարությունները հավաստող ապացույցներ:
— Ինչպես գիտեք՝ արդեն իսկ ունենք մեկ դատական որոշում ի օգուտ «Լիդիան Արմենիայի», ընդդեմ իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանի։ Մյուս հայցերով դատական գործընթացները դեռ ընթացքի մեջ են: Բայց նույնիսկ այս փուլում արդեն կարելի է փաստել, որ այդ հայտարարություններն այնքան մերկապարանոց են, որ պատասխանողները իրենց իսկ կողմից կատարված հայտարարություններից ամենազավեշտալի կերպով հետ են կանգնում։
— Ի՞նչ նկատի ունեք:
— Բերեմ մի օրինակ: Դատական հայցերից մեկը ակտիվիստ Անի Խաչատրյանի դեմ է: Նրա հերթական ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ դիմել էինք դատարան։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Անի Խաչատրյանը ըստ էության դատարանում հրաժարվում է իր իսկ անձնական ֆեյսբուքյան էջում իր իսկ կողմից արված գրառումից, ոչ հստակ պատասխաններ ներկայացնելով դրված հարցադրումներին և պատճառաբանելով, որ իր անձնական էջից, կրկնում եմ՝ անձնական էջից, բացի իրենից շատերն են օգտվում, և ինքը չէ այդ գրառման հեղինակը:
— Նա հրաժարվո՞ւմ է իր հայտարարությունից:
— Փաստորեն, այդպես է դուրս գալիս: Ընդհանրապես, «Լիդիան Արմենիային» վերաբերող բոլոր նմանատիպ գործերով, որոնցով ես եմ զբաղվում, նման որակի «պատճառաբանությունները» սովորական բնույթ են կրում: Առ այսօր որևիցե ակտիվիստ այդպես էլ չի ներկայացրել իր կողմից արված հայտարարությունը հավաստող փաստարկներ, փոխարենը՝ մեկն ասում է ես Լիդիանին նկատի չեմ ունեցել, մյուսն ասում է իմ էջից այլ մարդիկ են գրել։ Մեկնաբանություններն ավելորդ են։
— Այսինքն, դուք էլ եք ասում այն ինչ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
— Այո՛: Ի դեպ, փոխվարչապետից բացի, նման հայտարարություններ արել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում երկրի վարչապետը իր ասուլիսներից մեկի ընթացքում: Ես՝ որպես իրավաբան և որպես ՀՀ քաղաքացի առնվազն մտահոգվում եմ այն հանգամանքից, որ նման հայտարարություններին չեն հետևել գործնական քայլեր իրավապահ մարմինների կողմից, չեն բացահայտվել այն անձիք, ովքեր ըստ փոխվարչապետի լուրջ ֆինանսական միջոցներ են ներդրել Ամուլսարի դեմ պայքարում: Սա առավել քան կարեւոր է, քանի որ խոսքը այնպիսի գործողությոնների մասին է, որոնք , հանգեցրեցին պետության և երկրի խոշորագույն ներդրողի միջև լուրջ իրավական խնդիրների, որոնք ականներ են դրել պետության տակ և հղի է ամեն վայրկյան պայթելու վտանգով՝ հանգեցնելով անդառնալի և երկարաժամկետ կորուստների:
