Սևանում անցկացվող Seaside Startup Summit-ի շրջանակներում կայացավ Mining Innovation Summit-ը, որը մեկ հարթակում համախմբեց հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, պետական կառավարման ու ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։
Միջոցառման առանցքում հանքարդյունաբերության ապագան էր՝ ոլորտի թվային փոխակերպումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և նորարարական լուծումների միջոցով առավել անվտանգ, արդյունավետ ու պատասխանատու հանքարդյունաբերության զարգացումը։
Լիդիան Արմենիան, որպես Mining Innovation Summit-ի գործընկեր և հովանավոր, ներկայացրեց Ամուլսարի ոսկու հանքավայրում ներդրվող ժամանակակից թվային տեխնոլոգիաներն ու դրանց կիրառման մոտեցումները։
Ամուլսարը կառուցվում է որպես ժամանակակից թվային հանքավայր, որտեղ տվյալահեն կառավարումը, ավտոմատացված համակարգերը և բնապահպանական կառավարման թվային լուծումները նախատեսվում է կիրառել շահագործման հենց մեկնարկից։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս տեխնոլոգիական լուծումները դարձնել հանքի կառավարման համակարգի անբաժանելի մասը՝ նպաստելով աշխատանքի անվտանգության, արտադրական արդյունավետության և բնապահպանական կառավարման բարձր մակարդակի ապահովմանը։
Ժամանակակից տեխնոլոգիաներն ու նորարարական լուծումներն այսօր հանքարդյունաբերության զարգացման կարևոր շարժիչ ուժերից են։ Թվայնացումը ոչ միայն փոխում է արտադրական գործընթացների կազմակերպումը, այլև նոր հնարավորություններ է ստեղծում տվյալների արդյունավետ օգտագործման, գործընթացների ավտոմատացման, ռիսկերի կառավարման և բնապահպանական ցուցանիշների վերահսկման համար։
Mining Innovation Summit-ը նաև կարևոր հարթակ էր հանքարդյունաբերության և ՏՏ ոլորտների միջև մասնագիտական երկխոսության խորացման համար։ Տարբեր ոլորտների փորձի և տեխնոլոգիական ներուժի համադրումը կարող է նպաստել Հայաստանում նորարարական լուծումների մշակմանն ու կիրառմանը՝ միաժամանակ ձևավորելով նոր համագործակցություններ։
Լիդիան Արմենիան կարևորում է նման նախաձեռնությունները և հանքարդյունաբերության ու տեխնոլոգիական համայնքի միջև շարունակական համագործակցությունը՝ որպես ոլորտի կայուն զարգացման, նորարարության խթանման և Հայաստանի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու հնարավորություն։
