«Լիդիան Արմենիան» հայտնում է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված բարենպաստ որոշման մասին։ Դատարանը վճռել է, որ Ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել։
Մասնավորապես, 2015թ․ երկու հասարակական կազմակերպություններ հայց էին ներկայացրել ընդդեմ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության՝ պահանջելով անվավեր ճանաչել Նախարարության կողմից «Լիդիան Արմենային» տրված այն թույլտվությունները, որոնցով Ընկերությանը թույլատրվել էր շահագործել նաև Ամուլսարի հանքավայրի Էրատո տեղամասը։
Դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերը հանդիսանում են հիմնական թույլտվությունների փոփոխություններ, հետևաբար հիմնական թույլտվությունների իրավաչափության պայմաններում դրանց իրավաչափությունը ևս չի կարող կասկածի տակ դրվել:
Հատկանշական է, որ այս գործով ներկայացված հայցը բովանդակությամբ և հայցվորների կողմից բերված փաստարկներով ամբողջովին նույնական է այն դատական գործով ներկայացված հայցի հետ, որի առնչությամբ Վարչական դատարանը 2024թ․ դեկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել՝ մասնակիորեն բավարարելով հայցվորների՝ տվյալ դեպքում մի քանի քաղաքացու հայցը։
Նշենք նաև, որ «Լիդիան Արմենիան», երկու դատական գործում էլ հանդիսանալով որպես երրորդ անձ, արդեն իսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է դեկտեմբերի 2-ի վճիռը:
