Լիդիան Արմենիայի և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև արդեն ձևավորված արդյունավետ համագործակցության շրջանակներում՝ հատուկ դասախոսությամբ հանդես եկավ Ռոբերտ Սփերոուն։
Ռոբերտ Սփերոուն հանդիսանում է Լիդիան Արմենիայի բաժնետեր United ընկերության երկրաբանահետախուզության գծով ավագ փոխնախագահը։ Նա ունի երկրաբանահետախուզության ոլորտում ավելի քան 20 տարվա փորձառություն, աշխատել է տարբեր երկրներում և իր ակտիվ մասնակցությունն ունեցել մի շարք հաջողված երկրաբանահետախուզական ծրագրերի իրականացմանը։
Դասախոսության ընթացքում բանախոսը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց իր մասնագիտական ուղին՝ անդրադառնալով երկրաբանի պրակտիկ գործունեությանը, մասնագիտական հմտություններին, անցում կատարելով մասնագիտության գիտական խորքային նրբություններին և ոլորտում առկա ժամանակակից միտումներին։
Դասախոսությանը ամբողջ կազմով մասնակցում էր նաև Լիդիան Արմենիայի երկրաբանահետախուզական թիմը։ Հատկանշական է, որ թիմի երիտասարդ անդամների մեծ մասը ֆակուլտետի ներկայիս ուսանողներ կամ շրջանավարտներ են։ Նրանք դասախոսության ավարտին հնարավորություն ունեցան իրենց դասախոսներին և ընկերներին ներկայացնել Ամուլսարում անցկացրած մեկ աշխատանքային օրը՝ կիսվելով այնտեղ ձեռք բերած գործնական փորձով և գիտելիքներով։
Ուշագրավ է, որ մեկ ամբողջ օր տևած դասախոսությունն սկզբից մինչև վերջ անցավ լեփ-լեցուն լսարանում։ Ուսանողների և դասախոսների այսպիսի բարձր հետաքրքրվածությունը պարտավորեցնող է Լիդիան Արմենիայի համար նմանատիպ հանդիպումները ֆակուլտետում դարձնելու առավել հաճախակի, հատկապես հաշվի առնելով ֆակուլտետի հետ շարունակական համագործակցությունը, որի համար շնորհակալ ենք Ֆակուլտետին՝ ի դեմս դեկան Սարգիս Քելյանի։
Մենք համոզված ենք, որ հենց նման համագործակցություններն են նպաստում որակյալ մասնագետների պատրաստմանը, ովքեր ուսումն ավարտելուց հետո դառնում են մրցունակ և պահանջված մասնագետներ՝ թե Հայաստանում, և թե Հայաստանի սահմաններից դուրս։
